Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է աշխատանքային այցով Բաքվում գտնվող իր չինացի գործընկեր Վան Իի հետ։ Այս մասին տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ բարձր մակարդակի երկխոսությունը, փոխադարձ վստահությունն ու երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական շարժիչ ուժն են։
Նախարարները բարձր են գնահատել 2025 թվականին հաստատված համապարփակ ռազմավարական գործընկերության արագ զարգացումը։ Նշվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Չինաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները ամուր հիմք են ստեղծել կապերի ընդլայնման համար։
Ընդգծվել է, որ 2027 թվականին կնշվի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։ ԱԳ նախարարները քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի, լոգիստիկայի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանի՝ որպես Ասիան և Եվրոպան կապող կարևոր օղակի դերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջտարածաշրջանային կապերի ամրապնդման գործում Միջին միջանցքի աճող նշանակությունը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ։ Ընդգծվել է առկա մարտահրավերների հաղթահարման գործում շարունակական երկխոսության, դիվանագիտական շփումների և բազմակողմ համագործակցության կարևորությունը։
Ջեյհուն Բայրամովը չինացի գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մանրամասները: