Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ուսանողների և նրանց աջակիցների բողոքի ցույցերի հետևանքով անկարգությունների ժամանակ տուժել է ոստիկանության 51 աշխատակից։
Այս մասին հայտնել է Ալբանիայի ներքին գործերի նախարար Էրվին Դեմոն։
«Այսօրվա անկարգությունների ընթացքում տուժել է ոստիկանության 51 աշխատակից։ Նրանցից ոմանք ներկայումս բուժօգնություն են ստանում ռազմական հոսպիտալում»,- նրա խոսքերը մեջբերում է Ora News կայքը:
Մայրաքաղաքում՝ կրթության նախարարության շենքի մոտ, ուժայինները ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենա և արցունքաբեր գազ։ Այնուհետև ամբոխը շարժվել է փողոցով՝ քարեր, մոլոտովի կոկտեյլներ նետելով ներքին գործերի նախարարության, ֆինանսների նախարարության և այլ գերատեսչությունների շենքերի ուղղությամբ։ Շենքերում հրդեհման դեպքեր են գրանցվել։