Հռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնել
Հռոմի պապը վիրահատությունից հետո բնականոն կերպով վերականգնվում է. արյան հետազոտությունների և կրծքավանդակի ռենտգենոգրաֆիայի արդյունքները համապատասխանում են նման վիրահատական միջամտությունից հետո սպասվող ցուցանիշներին։ Դրա մասին հայտնել են բժիշկներ Լուիջի Կարբոնեն և Ստեֆանո Մարգարիտորան, որոնց հայտարարությունը հրապարակել է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Նրանց տվյալներով՝ առավոտյան քահանայապետն անցել է վիրահատությունից հետո նշանակված հետազոտությունները։ Ստացված արդյունքները հաստատել են, որ վերականգնումն ընթանում է սպասված ընթացքին համապատասխան։
Պապը նաև անցել է շնչառական ֆիզիոթերապիա և սկսել է քայլել իր հիվանդասենյակում։ Բացի դրանից, նա վերադարձել է սովորական սննդակարգին. առավոտյան և ճաշին քահանայապետը սնունդ է ընդունել սովորական ռեժիմով։
Բժիշկները նշում են, որ Սուրբ Հոր վերականգնումը շարունակվում է սպասված կերպով։