Իսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնի
Իսրայելը ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքել իր ռազմաօդային ուժերի համար 12 Apache AH-64E հարվածային ուղղաթիռ գնելու վերաբերյալ, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը։
Գործարքի ստորագրումից առաջ երկրի կառավարությունը հավանություն էր տվել պաշտպանության նախարարությանը տեխնիկայի գնման համար 1 միլիարդ շեկել հատկացնելու որոշմանը։ Ամերիկյան Boeing արտադրողի ուղղաթիռների մատակարարումները պետք է սկսվեն 2030-ականների սկզբին։
Գերատեսչության տվյալներով՝ Իսրայելը կստանա Echo մոդիֆիկացիայի ուղղաթիռներ՝ Apache-ի ամենանոր և առավել կատարելագործված տարբերակը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը գնումն անվանել է «Իսրայելի պաշտպանության բանակի մարտական ներուժի մեծացման կարևորագույն քայլ»։ Ըստ նրա՝ նոր մեքենաները կամրապնդեն իսրայելական զինված ուժերի օպերատիվ հնարավորությունները տարբեր սպառնալիքներին հակազդելու գործում և առաջիկա տարիներին կնպաստեն երկրի անվտանգությանը։
Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները նշել էին, որ Apache-ների գնման որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման փորձը Իսրայելի վրա և դրան հաջորդած ռազմական գործողությունները Գազայի հատվածում։