Սա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասին
ՔՊ-ի որոշմամբ ստեղծվել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովո։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ երևույթը որակելով խայտառակություն։
«Սա հարված է ազգի ինքնությանը։ Հայաստանյանց Առաքելական Սուրբ եկեղեցին եղել է, կա, կմնա մեր ինքնության սյուներից մեկը։ Հետաքրքիրն այն է, թե իրենք ինչ փաստաթղթերի կամ ինչերի վրա են հիմնվում։ Ասում են՝ մենք ունենք սահմռկեցուցիչ փաստեր, բայց դրանց փոխարեն ինչ-որ հոդվածների վրա են հղում կատարում, այդ հոդվածների մի մասն էլ անստորագիր են՝ ինչ ուզեն, կգրեն»,- ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ այն ամենը, ինչը ներկայացնում է ՔՊ-ն եկեղեցու դեմ, չեն կարող դիտվել որպես փաստ, դա կեղծիք է, և այդ կեղծիքի միակ նպատակը եկեղեցու և անձամբ Վեհափառ Հայրապետի վարկաբեկումն է։
«Դատապարտում ենք, այդ քստեմնելի գրոտեսկին մասնակցելու որևէ ցանկություն չունենք»,-ասաց նա: