Իլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի եւ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել «Ղարաբաղի վերակառուցում, վերականգնում և զարգացում» խորագրով ադրբեջանական միջազգային 6-րդ՝ Rebuild Garabagh ցուցահանդեսի մասնակիցներին։
«44-օրյա Հայրենական պատերազմում տարած հաղթանակը հիմք դրեց Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի համար ստեղծագործական աշխատանքի և զարգացման նոր փուլի մեկնարկին։ «Մեծ վերադարձի» առաջին պետական ծրագրի շրջանակում վերակառուցվում են մեր քաղաքներն ու գյուղերը, ապահովվում հայրենակիցների անվտանգ վերադարձն իրենց հայրենի բնակավայրեր։ Ադրբեջանն այդ աշխատանքներն իրականացնում է սեփական ֆինանսական հնարավորությունների հաշվին։ Մինչ օրս պետական բյուջեից վերականգնման և վերակառուցման աշխատանքների համար հատկացվել է 25,5 միլիարդ մանաթ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները կապում են բնակավայրերը միմյանց՝ ապահովելով դրանց ինտեգրումը երկրի միասնական տնտեսական տարածքին։ Մինչ օրս կառուցվել է շուրջ 1500 կիլոմետր երկարությամբ ճանապարհ։ 11,7 կիլոմետր երկարությամբ Մուրովդաղի թունելը դարձել է բարդ լեռնային պայմաններում իրականացվող շինարարական աշխատանքների շրջանակում կիրառված ինժեներական լուծման օրինակ։ Շահագործման են հանձնվել Ֆիզուլիի, Զանգիլանի և Լաչինի միջազգային օդանավակայանները։ Շարունակվում է երկաթուղիների շինարարությունը։ Հորադիզ–Աղբենդ երկաթուղային գիծը, լինելով Զանգեզուրի միջանցքի կարևոր բաղադրիչ, ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի միջազգային տրանսպորտային և լոգիստիկ կապերի ընդլայնման համար»,- ասել է Ալիևը։