Կարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցեն
Հայաստանում երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի հարցով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ։
«Նրանց համաձայնությունը ստանալուց հետո մենք կկարողանանք տեսակցել նրան», - «Ազատությանը» հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:
Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Անի Ավետիսյանը:
Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:
Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։