Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
ՌԴ Սարատովի մարզում հարվածի տակ են հայտնվել մետալուրգիական գործարանն ու Ռուսաստանի Սբերբանկի տվյալների մշակման խոշորագույն կենտրոններից մեկը։
Exilenova+ ալիքի տվյալներով՝ Բալակովոյում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնը։ Համալիրի շինարարությունը դեռ շարունակվում է, սակայն նախագիծն իրականացվում է փուլ առ փուլ, ուստի դրա առանձին հզորություններն արդեն կարող էին գործարկված լինել։
Ալիքի հաղորդմամբ՝ օբյեկտի արժեքը գերազանցում է 1 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Նախատեսվում է, որ այն ապագայում կդառնա Ռուսաստանի խոշորագույն տվյալների մշակման կենտրոններից մեկը՝ մինչև 82 ՄՎտ էլեկտրական հզորությամբ, շուրջ 3000 սերվերային պահարանով և մինչև 120 հազար սերվեր տեղավորելու հնարավորությամբ։ Կենտրոնը նախատեսված է Սբերբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի ապահովման, ինչպես նաև տվյալների պահպանման ու մշակման համար։
Բացի այդ, հարվածներ են արձանագրվել Բալակովոյի մետալուրգիական գործարանի արդյունաբերական գոտում։ Ձեռնարկությունը մասնագիտացած է պողպատի և մետաղի արտադրության մեջ։