Միրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»
Մեր եվրոպական ձգտումներն ստացել են նաև իրավական և քաղաքական ձևակերպում։ 2025թ. մարտին Հայաստանն ընդունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, իսկ 2026թ. մայիսին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հարաբերությունների աճող ռազմավարական նշանակությունը։ Գործնական հարթությունում 2023թ.-ից ի վեր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստել է Ադրբեջանի հետ մեր սահմանին կայունության ապահովմանը, իսկ ԵՄ գործընկերության նոր առաքելությունն աջակցում է ապատեղեկատվության, հիբրիդային սպառնալիքների և կիբեր վտանգների նկատմամբ մեր դիմակայունության ամրապնդմանը։
Տարածաշրջանի ներուժի բացահայտումն ու իրացումը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» տեսլականին համահունչ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխկապակցվածության գործընկերությունը կարող են նպաստել Եվրոպայի և նրա արևելյան հարևանների միջև կապերի ամրապնդմանը՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով եվրոպական հարևանությանը հարմարվելու էապես փոփոխված աշխարհաքաղաքական իրողություններին»։