Կարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Մանավազյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է Հայաստանում Կիպրոսի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսի հետ։
Հանդիպմանը մասնակցել են խմբակցության քարտուղար, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վոլոդյա Հակոբյանը և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը։
Խորհրդարանական օրակարգի առաջմղման համատեքստում կարևորվել է փոխայցերի ակտիվացումը, ընդգծվել միջազգային հարթակներում Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունը։
Նշելով, որ Կիպրոսը սատարում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը՝ դեսպանն անդրադարձել է վիզաների ազատականացման գործընթացի մանրամասներին։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Անդրադարձ է եղել երկու երկրների գործակցության ընդլայնմանը, հատկապես՝ տնտեսության, զբոսաշրջության, առևտրի ոլորտներում։