Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Գազայի հատվածում ԱՄՆ-ի անմիջական մեղսակցությամբ և աջակցությամբ տեղի ունեցող իրադարձությունները ցեղասպանություն են և մարդու հիմնարար իրավունքների լիակատար անտեսում։ Նա այս մասին ասել է Փոստի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ։
Իրանի նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին ու հիվանդանոցներին հասցվող հարվածները, ինչպես նաև կանանց, երեխաների և տարեցների մահը չեն կարող արդարացվել որևէ ռազմական նպատակով։
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Գազայում ԱՄՆ-ի մեղսակցությամբ, իսկական ցեղասպանություն է։ Մարդու իրավունքների պաշտպանությունը հայտարարող երկրները ոչ միայն աչք են փակում տեղի ունեցողի վրա, այլև զենք են մատակարարում՝ թույլատրելով այդ հանցագործությունները։ Ստեղծված պայմաններում նրանց կողմից մարդու իրավունքների մասին խոսելը խայտառակություն է», — IRNA գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախագահը։