Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը և Վարդան Ղուկասյանի տնային կալանքի ժամկետը երկարացրել ևս 3 ամսով։ «Ազատության» հաղորդամբ, Ղուկասյանի փաստաբանները միջնորդել էին վարչական վերհասկողություն սահմանել իրենց պաշտպանյալի նկատմամբ:
Անցած տարի մարտին Գյումրիի քաղաքապետ ընտրված Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա 4 միլիոն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու համար:
Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման համար: Այս գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին: Գյումրիի քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով: Օրերս նա անմեղ է ճանաչվել խուլիգանության գործով: