Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի թվի աճը, որն արդեն ահագնացող չափերի է հասնում, ըստ զինվորական մեր աղբյուրի, հետևանքն է նաև այն բանի, որ իշխանության թեթև ձեռամբ բանակից վտարվեցին Մայր Աթոռի նշանակած գնդերեցները, և որոշվեց հոգևոր ծառայության ստորաբաժանումը վերակազմավորել, իսկ հոգեբանները բավականին քիչ են բանակում և աշխատում են ըստ կարիքի։
Իհարկե, ՊՆ-ում հայտարարվում է, թե գնդերեցների ծառայության միայն բնույթն է փոխվել՝ բանակում կլինեն հոգևոր սպասավորներ, պարզապես նրանք պետք է պայմանագիր կնքեն և ենթարկվեն բանակի բարոյահոգեբանական գծով վարչությանը, այլ ոչ թե Վեհափառին։ Սակայն փաստն այն է, որ արդեն մի քանի ամիս է՝ բանակում գնդերեցներ չկան, զորքի հետ, ըստ մեր աղբյուրի, բարոյահոգեբանական, հոգևոր զրույցներ չեն վարվում, ու նաև այս փաստով են պայմանավորված բանակում տեղի ունեցող ինքնասպանությունները, սպանությունները և դժբախտ պատահարները։
Վերջին բոթը երկու օր առաջ լսեցինք։ Ի դեպ, ոչ մարտական պայմաններում զոհերի թվի աճից մտահոգված են նաև իշխող խմբակցությունում, պարզապես հասկանալի պատճառներով չեն բարձրաձայնում, բայց կարծում են, որ միջոցներ պետք է ձեռնարկել՝ այս ընթացքը կանգնեցնելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։