Նոր մանրամասներ են հայտնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանումը թույլատրող համաձայնագրից
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռուսական դիզելային վառելիքի արտահանումը թույլատրող համաձայնագիրը Ռուսաստանի Դաշնությանը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու փորձերի մի մասն է՝ պատերազմը դադարեցնելուն ուղղված գործընթացը սկսելու ջանքերի ձախողումից հետո։
Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են հանդիպման ընթացքին ծանոթ երեք աղբյուրներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և նախագահի փեսա Ջարեդ Քուշները Մայամիում ուկրաինական կողմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ բանակցել պատերազմի դադարեցման շուրջ։
Անանուն մնալու պայմանով զրուցած երկու աղբյուրների խոսքով՝ ամերիկացի ներկայացուցիչները պարզաբանել են, որ անցյալ շաբաթ հայտարարված համաձայնագիրը կարող է նպաստել եռակողմ բանակցությունների վերսկսմանը։
Երրորդ աղբյուրը հայտնել է, որ ամերիկյան կողմը ուկրաինացիներին բացատրել է՝ դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածությունը կարող է օգնել մեղմել Մոսկվայի դիրքորոշումը, մասնավորապես այն պատճառով, որ այն ազդանշան է Թրամփի՝ Ռուսաստանի հետ համագործակցելու պատրաստակամության մասին:
Հանդիպման ընթացքում Քուշները նաև հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է, որպեսզի ուկրաինացիները դադարեցնեն ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ հարվածները։ Նա կրկնել է, որ վարչակազմն արդեն բազմիցս դիմել է Կիևին՝ նման խնդրանքով, հայտնել են երկու աղբյուրներ։ Թրամփը պնդում է, որ ուկրաինական հարձակումները հանգեցնում են վառելիքի համաշխարհային գների աճին։
Բացի այդ, ինչպես գրում է Reuters-ը, հանդիպման ընթացքում Քուշներն ու Ուիթքոֆը ուկրաինացի պաշտոնյաներին հիշեցրել են այն ամենի մասին, ինչ ԱՄՆ-ն արել է Ուկրաինայի համար։ Երկու աղբյուրների, ինչպես նաև հանդիպմանը ներկա եղած մեկ անձի փոխանցմամբ՝ ամերիկացիները չեն սպառնացել դադարեցնել այդ աջակցությունը, եթե Ուկրաինան չհամաձայնի դադարեցնել հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։