Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ
Թուրքիայի և Իրանի միջև տարեկան շուրջ 10 մլրդ խմ բնական գազի ներկրում նախատեսող 25 տարվա պայմանագրի ժամկետը լրանում է։ Այժմ քննարկվում է ևս 5 տարով դրա ժամկետի երկարաձգման հարցը։
Թուրքիայի բնական գազի տարեկան սպառումը կազմում է շուրջ 55-60 մլրդ խմ։ Երկրի արդյունաբերության և քաղաքների ջեռուցման համար հիմնականում օգտագործվում է բնական գազ։ Ակնկալվում է, որ Թուրքիան կշարունակի իրանական գազի ներմուծումը Դողուբայազըթի տարածքով անցնող խողովակաշարով։
Ոլորտի աղբյուրները, պատասխանելով թուրքական ANKA լրատվական գործակալության հարցին, ուշադրություն են հրավիրել բնական գազի առուվաճառքի պայմանագրում ներառված կարևոր դրույթի վրա։
Աղբյուրների խոսքով՝ «Եթե Թուրքիան և Իրանը պայմանագրի ժամկետի ավարտից որոշ ժամանակ առաջ չեն հայտարարել, որ չեն երկարաձգելու այն, ապա պայմանագիրն ինքնաբերաբար երկարաձգվում է ևս 5 տարով։ Հնարավոր է՝ այս դրույթն արդեն գործի է դրվել, և պայմանագրի ավտոմատ երկարաձգումն իրականացվել է»,- գրում է գործակալությունը։
Ermenihaber