Կարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետ
Նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ արժանի է Խաղաղության Նոբելյան մրցանակին։ Նա միջամտել է Գազայի հակամարտությանը, Իրանի հետ իրավիճակին և հայտարարել է Հնդկաստանի ու Պակիստանի միջև «հազարամյա վեճի» ավարտի մասին, թեև Հնդկաստանի մասնատումից 80 տարի էլ չի անցել։ Դրա մասին նշվում է ամերիկացի փորձագետ Մայքլ Ռուբինի հոդվածում։
«Նա հայտարարել է նաև Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղաղության մասին։ Սակայն Գազայում ՀԱՄԱՍ-ը շարունակում է հրաժարվել զինաթափվելուց։ Նույնն անում է նաև «Հըզբոլլահը» Լիբանանում։ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրը գոյատևեց տասն օրից էլ պակաս, իսկ Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդին, ըստ երևույթին, ավելի շատ հետաքրքրված է իր ինքնիշխանությունը Չինաստանին վաճառելով՝ հանուն հակասահմանադրական երրորդ ժամկետի, քան Թրամփի առաջ իր պարտավորությունները կատարելով և տարածաշրջանում կայունության անկման պատճառ դարձած ահաբեկչական խմբավորումները զսպելով։
Այժմ, ըստ ամենայնի, Թրամփի խաղաղարար ռազմավարության մարգարիտը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը, փլուզման եզրին է։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Առաջնորդները ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը, ինչպես ենթադրվում էր, պետք է վերջ դներ տասնամյակների ռազմական գործողություններին։ «Մեզ վերջապես հաջողվեց խաղաղություն հաստատել»,- նշել էր Թրամփը։ «Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, բացել առևտուրը, ուղևորությունները և դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Հրադադարից հետո Թրամփը վերցրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «միջանցքի» առաջարկը՝ այն վերանվանելով «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP)՝ ԱՄՆ կառավարմամբ տրանսպորտային միջանցք, որը Թուրքիան և ադրբեջանական Նախիջևան էքսկլավը Հայաստանի տարածքով կապում է բուն Ադրբեջանի հետ։
Թրամփի վարչակազմի առաջարկած միջանցքի հայեցակարգը միշտ էլ սխալ էր երկու պատճառով։ Նախ, եթե Թուրքիան և Ադրբեջանը վերացնեին Հայաստանի շրջափակումը, միջանցքի անհրաժեշտություն չէր լինի։ Երկրորդ, Ադրբեջանը Իրանի հետ համագործակցում է սեփական ընտրությամբ, ոչ թե անհրաժեշտությունից ելնելով․ 2022 թվականին նա գործարկեց միջանցք Իրանի տարածքով։
Մինչ Փաշինյանը պնդում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը՝ հայտարարելով, որ Հայաստանն այլ ընտրություն չունի՝ հաշվի առնելով Ադրբեջանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, նրա քննադատները մշտապես մտահոգություններ են հայտնել Ալիևի անկեղծության վերաբերյալ։ Ադրբեջանի պահանջներն աճում են Հայաստանի զիջումներին համաչափ։ Դրանք ավելի ու ավելի հաճախ ավելի անհեթեթ են դառնում։ Արարատ լեռը եղել է Հայաստանի խորհրդանիշը դեռ մինչև Հայոց ցեղասպանությունը և լավ եղանակներին Երևանի համայնապատկերային խորապատկեր է ծառայում, սակայն Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում են, իսկ Փաշինյանը համաձայնում է, հանել Արարատը հայկական խորհրդանիշներից, քանի որ այժմ այն Թուրքիայի տարածքում է։
Ալիևը հասկացնում է, որ, չնայած Փաշինյանի փոխզիջումներին, Ադրբեջանի օրակարգում հաշտեցում չկա։ 2026 թվականի հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով իր քաղաքական կուսակցության համագումարում՝ Ալիևը հայտարարել է. «Ճիշտ է, Հայաստանի նախկին առաջնորդները ռազմական հանցագործներ են և պետք է պատժվեն, սակայն հենց ներկայիս հայկական իշխանություններն են մեր դեմ տարածքային պահանջներ առաջ քաշել, վիրավորել ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը անտեղի և ոչ քաղաքակիրթ հայտարարություններով։ Կարճ ասած՝ մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին»։
Տարբեր վարչակազմերի օրոք հաջող խաղաղարարության ամենամեծ խոչընդոտը գաղափարախոսության կարևորությունն ըմբռնելու Սպիտակ տան և Պետքարտուղարության անկարողությունն է։ Դիվանագետները մխիթարվում են այն մտքով, թե բոլոր հակամարտությունների հիմքում սովորական վիրավորանքներ են ընկած։ Նման պայմաններում խաղաղության հասնելու համար պետք է գտնել զիջումների և փոխզիջումների ճիշտ կախարդական բանաձևը։ Սակայն, երբ որոշումների ընդունման գործընթացում գերիշխում է գաղափարախոսությունը, տնտեսական բարեկեցությունը դադարում է դառնալ համաձայնության շարժառիթ։ Երբ գաղափարախոսությունը ներառում է կրոն, Պետքարտուղարությունը հատկապես կույր է լինում։ Քանի որ Միացյալ Նահանգներում գործում է եկեղեցու և պետության տարանջատում, չափազանց շատ դիվանագետներ կրոնին վերաբերվում են որպես արգելված մի բանի։ Մյուսները ճանաչում են հավատքի կարևորությունը, սակայն յուրացնում են պարզունակացված ընկալում, որը պայմանավորված է այնպիսի համալսարաններում ուսմամբ, ինչպիսին Ջորջթաունի համալսարանն է, որտեղ Կատարի նվիրատվություններն ազդում են ուսումնական ծրագրերի վրա։
Պատմության իմացությունը ևս կարևոր է։ Երբ դիվանագետները փոխվում են յուրաքանչյուր երկու-երեք տարին մեկ, նրանք ի վերջո աչքից կորցնում են վեճերի ակունքները կամ նախկին խոստումները։ Ալիևի՝ Բաքվում իշխանության գալուց ի վեր այնտեղ աշխատել է Միացյալ Նահանգների ինը տարբեր դեսպան, չհաշված գործերի ժամանակավոր հավատարմատարներին, որոնցից ոմանք երկար ժամանակ զբաղեցրել են պաշտոնական դեսպանների դիրքերը։
Արդյունքում նրանք, ովքեր Բայդենի և Թրամփի վարչակազմերում զբաղվել են Հարավային Կովկասի հարցերով, հակամարտության արմատական պատճառները չեն հասկանում և չեն կարողանում տարբերել իրական վայրագությունները՝ օրինակ Բաքվի ջարդը, և մեծապես կեղծված վայրագությունները, ինչպիսին այսպես կոչված Խոջալուի ցեղասպանությունն է։ Նրանք նաև սխալ են հասկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած սահմանադրական հարցերը։
Սակայն Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ խաղաղությունը նրա նպատակը չէ։ Ինչպես Պաղեստինի ազատագրման կազմակերպության հանգուցյալ նախագահ Յասեր Արաֆատը, Ալիևը բանակցություններն օգտագործելու է զիջումների հասնելու համար, իսկ հետո պարզապես կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ՝ վերսկսելու իր նպատակը՝ ոչնչացնել այն կազմավորումը, որի գոյությունը նա երբեք չի կարող ընդունել։ Իրոք, մինչ Թրամփը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը ներկայացնում է որպես գործարքներ կնքելու արվեստի օրինակ, Հայաստանի մասին Ալիևի համառ հռետորաբանությունը՝ իբրև Արևմտյան Ադրբեջան, հուշում է, որ Ալիևը Թրամփի մեջ տեսնում է ոչ թե դաշնակցի, այլ հիմարի, որի իրավունքները կարող է անամոթաբար ոտնահարել։
Եթե Թրամփը հրաժարվի ընդունել, որ երկրում խաղաղությունը վտանգված է, և եթե Փաշինյանը շարունակի կառավարել որպես խաղամոլ, որը հավատում է, թե ևս մեկ խաղադրույքը կարող է շտկել իր դիվանագիտական անհաջողությունների շարքը, ապա երկու առաջնորդների իրական ժառանգությունը կլինի Հայաստանում քրիստոնեության ավարտը»,- նշվում է հոդվածում։