«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը հոկտեմբերի 12-ին հանդիպել են մեր երկրում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան օրակարգի, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, կարևորել երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների միջև կապերի զարգացումը և ընդլայնումը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկու երկրների առավել ակտիվ համագործակցությանն ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր հարթակներում:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ), Հայաստանի Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման ընթացքի շուրջ։ Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորության հարցը:
Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Արժևորվել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը։ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է երկարատև խաղաղության հասնելու իրենց տեսլականը։ Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ իրենք հետևում են տեղի ունեցող զարգացումներին և աջակցում խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով Իրանը տարբեր ոլորտներում համագործակցության առումով Հայաստանի կողքին է, որ ՀՀ-ն Հարավային Կովկասում լինի հզոր և մեծ հնարավորություններ ունեցող երկիր։