Հայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքով
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, նշել է, որ տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է շուրջ 880 միլիոն ամերիկյան դոլար, որի իրականացումը պահանջում է ինչպես պետական բյուջեի միջոցներ, այնպես էլ միջազգային գործընկերների ֆինանսական աջակցություն։ Ծրագիրը նախատեսված է մի կողմից՝ շարունակելու տեղահանված անձանց բնակարանային աջակցության հնարավորությունները, մյուս կողմից՝ ստեղծելու ավելի երկարաժամկետ և կայուն հիմք Հայաստանի բնակարանային շուկայի և հիփոթեքային համակարգի զարգացման համար։
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորման ծավալը կազմում է 284.4 միլիոն ամերիկյան դոլար, որից 264.4 միլիոնը վարկային միջոցներ են: Բացի դրանից՝ կա նաև 10 միլիոն դրամաշնորհ Կենսունակ մոլորակ հիմնադրամից, և 10 միլիոն վարկային միջոցներ էլ ուղղվելու են Ազգային հիփոթեքային ընկերությանը։ Ծրագիրը համադրում է վարկային և դրամաշնորհային ֆինանսավորումը՝ միաժամանակ ուղղելով միջոցներն անմիջական սոցիալական ու բնակարանային աջակցությանը և համակարգային բարեփոխումների իրականացմանը։
Նախարարի տեղակալի խոսքով, ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում է բնակարանային աջակցությանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, որի շրջանակում տրամադրվելու է կանխիկ աջակցություն բնակարանի ձեռքբերման կամ կանխավճարի հիպոթեքային վճարների ֆինանսավորման մասով, ինչպես նաև բնակապահովման քաղաքականության և տեղեկատվական համակարգերի զարգացմանն ուղղված միջոցառումներ։
Երկրորդ բաղադրիչը վերաբերում է հիփոթեքային շուկայի զարգացմանը, իսկ երրորդ բաղադրիչն ապահովում է ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ներառելով դրա կառավարումը, մշտադիտարկումն ու գնահատումը, ինչպես նաև բողոքների քննության մեխանիզմի զարգացումը։
Ըստ Լուսինե Քոչարյանի՝ ծրագրի շրջանակում կանխիկ աջակցության շահառու կդառնան մոտ 45.000 տեղահանված անձինք, 6500 տեղահանված անձինք էլ՝ ընտանիքներով, կստանան բնակարանի ձեռքբերման հավաստագիր։
Նրա ներկայացմամբ, ֆինանսավորման պայմանների համաձայն՝ վարկի գումարը կազմում է 240 միլիոն ամերիկյան դոլար, վարկը տրամադրվելու է դոլարով, ունի 29 տարվա ժամկետ, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատված է։ Վարկի տոկոսադրույքը կլինի լողացող, իսկ վարկի առաջին մարումը նախատեսվում է 2036 թվականի փետրվարի 1-ին։
Նախագծի քննարկմանն «Ուժեղ Հայաստան» Էդգար Ղազարյանն ասաց. «Այս վարկային միջոցները, որը պետության համար լրացուցիչ բեռ է շատ բարձր տոկոսներով, ո՞ւմ համար է։ Ներկայացվեց արցախահայության, ում ողջ ունեցվածքը թալանվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում»։
Ըստ նրա, Արցախի ընդհանուր կորստի նյութական արժեքը, մոտակա հաշվարկներով, հաշվարկվել է 100 միլիարդ դոլար. «Այսինքն 100 միլիարդ դոլարի հայ ժողովրդի հարստություն գոյություն չունի։ Միայն Արցախի պաշտպանության բանակի նյութական կորուստը 6 միլիարդ դոլարից ավելի է»։