Կոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եղել է ռացիոնալ և պրագմատիկ։ Այսպես է նա մեկնաբանել լրագրողի հարցը Միացյալ Նահանգների կողմից ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների մեղմացման վերաբերյալ, հայտնել է Georgia Online-ը։
«Կրկին պարզ դարձավ, որ մենք ընդունել ենք բացարձակապես ռացիոնալ և պրագմատիկ, ճիշտ և այլընտրանք չունեցող որոշում, երբ ժամանակին չմիացանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին», — ասել է Վրաստանի կառավարության ղեկավարը։
Կոբախիձեի խոսքով՝ սահմանափակումները մեղմացնելու Վաշինգտոնի որոշումը հաստատում է Թբիլիսիի դիրքորոշման հիմնավորվածությունը։ Նա հիշեցրել է այն քննադատության մասին, որին բախվել էին վրացական իշխանությունները Մոսկվայի դեմ պատժամիջոցային քաղաքականությանը չմիանալու պատճառով։
«Մենք հիշում ենք, թե որքան մեծ քարոզարշավ հետևեց դրան, երբ մենք չմիացանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս ֆոնին մենք տեսնում ենք, որ պատժամիջոցները մեղմացվում են», — նշել է վարչապետը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հաջող բանակցություններից հետո Ռուսաստանը Միացյալ Նահանգներ և համաշխարհային շուկա կմատակարարի 1,8 մլն տոննա դիզելային վառելիք։