Թրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել
Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաշխարհային և ԱՄՆ շուկաներ ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ մատակարարելու վերաբերյալ։
«Ես հենց նոր շատ հաջող քննարկում ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում որոշվեց, որ Ռուսաստանն անհապաղ ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ևս 500 000 տոննա՝ նոյեմբերին և 1 000 000 տոննա՝ դրանից անմիջապես հետո։ Բացի այդ, հիմնվելով դիզելային վառելիքի վերամշակման իր հզորությունների վրա՝ Ռուսաստանը կարճ ժամանակահատվածում կմատակարարի ևս 3 000 000 տոննա դիզելային վառելիք», - գրել է նա՝ կանխատեսելով, որ դրան կհաջորդի ԱՄՆ-ի շուկայում վառելիքի գների անկում։
Նա չի հստակեցրել՝ արդյոք պատժամիջոցները կվերացվեն՝ ռուսական նավթամթերքի մատակարարումը համաշխարհային և ամերիկյան շուկաներ ապաշրջափակելու նպատակով։ Նաև չի պարզաբանել՝ արդյոք նման համաձայնագիրը ենթադրում է երաշխիքներ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածներից խուսափելու վերաբերյալ։ Ներկայում Ռուսաստանն ունի դիզվառելիքի ավելցուկ, սակայն հարվածների շարունակման դեպքում այդ պաշարը կարող է արագորեն սպառվել։
Միջազգային ԶԼՄ-ները գրում են, որ Մոսկվայի բորսայի ինդեքսը կտրուկ աճել է, երբ Թրամփն ու Պուտինը պայմանավորվեցին ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի լայնածավալ մատակարարումների շուրջ։
Ռուսաստանը հաստատել է ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու իր պատրաստակամությունը՝ համաձայն Պուտինի և Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցից, Կրեմլը հայտարարություն է տարածել։
«Համաշխարհային էներգետիկ ոլորտի վիճակի շուրջ քննարկման ընթացքում ռուսական կողմը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու իր պատրաստակամությունը»,-նշել են Կրեմլում։