Տեսնենք Լավրովը ինչ կասի, կրակի վրա բենզին կլցնի՞. Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ղարաբաղյան հարցում Ռուսաստանի միջամտության հետ կապված լուրջ ակնկալիքներ չունի:
Newspress.am-ի հետ զրույցում նա չբացառեց, որ Սերգեյ Լավրովի ժամանումը հնարավոր է կապված լինի նաև հայերի արյան գնով ազատագրված հողերի ետ վերադարձնելու հետ:
«Մեր դիվանագետները Լավրովին պետք է ներկայացնեն ճիշտ և հստակ ձևակերպմամբ պահանջներ: Անընդունելի կլինի մեր կառավարության կողմից, եթե նրանք Մադրիդյան սկզբունքներ կամ Կազանի փաստաթուղթը կիրառեն: Կարող է ժամանակին գլուխները տմբտմբացրել են, բայց դա անընդունելի է մեր հասարակության կողմից»,-ասաց Անահիտ Բախշյանը:
Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը ուզում է հետ վերադարձնել ազատագրված հողերը, որպեսզի ապահովի խաղաղապահ ուժերի տեղակայումը: Անահիտ Բախշյանը Ռուսաստանի որպես Հայաստանի դաշնակից չի տեսնում:
«Թուրքին վաճառված զենքից սպանված հայ զինվորը իր գերեզմանում շուռ է գալու, ի՞նչ դաշնակցի մասին է խոսքը: Տեսնենք Լավրովը ինչ կասի. արդյո ՞ք կրակի վրա բենզին կլցնի և կրակը կթեժանա, թե ավելի խելացի պատասխան կտա, որը կլինի մեր հասարակության սրտով»,-եզրափակեց Բախշյանը: