ՄՔԴ-ի դեմ ցանկացած քայլ հարված է զանգվածային հանցագործությունների զոհերին․ դատարանի նախագահ
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Տոմոկո Ականեն հայտարարել է, որ դատարանի դեմ ուղղված միջոցները խաթարում են միջազգային իրավակարգը և վնասում զանգվածային հանցագործությունների զոհերին։
«Սա հարձակում է դատարանը ստեղծած ինքնիշխան պետությունների վրա։ Սա հարձակում է միջազգային իրավակարգի վրա։ Եվ, որ ավելի կարևոր է, սա հարված է զանգվածային վայրագությունների զոհերին, որոնք տարիներ շարունակ, երբեմն՝ տասնամյակներ, սպասում են, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Դատարանի դեմ ցանկացած միջոց, ի վերջո, անդրադառնում է հենց այդ զոհերի վրա»,- ընդգծել է Ականեն։