Միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջ
Հոկտեմբերի 9-ին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Սրբոց Թարգմանչաց տոնին նախընթաց, կատարվեց միասնական ժամերգություն և նախատոնակի արարողություն։
Ժամերգության ընթացքում ներկաները միասնական աղոթքով հայցեցին Սուրբ Թարգմանիչների բարեխոսությունը՝ Հայոց Սուրբ Եկեղեցու անսասանության, հոգևոր հայրերի զորության, հայրենիքի խաղաղության և ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատության համար։
Ժամերգության ավարտին հավատացյալներին իր հոգևոր պատգամը հղեց Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի ատենապետ՝ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանը՝ անդրադառնալով հավատքի ճանապարհին հանդիպող փորձություններին և քրիստոնյայի՝ Աստծուն ապավինելու անհրաժեշտությանը։
Հայր Սուրբը, դիմելով ներկաներին, պատգամեց. «Մենք անցնենք մեր նեղությունների Կարմիր ծովի ճանապարհը՝ ունենալով Թարգմանիչ վարդապետների բարեխոսությունը, հասնենք Սինայական գագաթին և թող Աստված ձեզ այս ճանապարհին պարգևի արիություն»։
Այս պատգամը հավատացյալներին ուղղված կոչ էր՝ չվախենալու կյանքի դժվարություններից ու փորձություններից, այլ հավատքով և աղոթքով շարունակելու հոգևոր ճանապարհը՝ ապավինելով Աստծո զորությանը և Սուրբ Թարգմանիչների բարեխոսությանը։