Վարչապետը մերժեց ԿԳ նախարարի առաջարկը
Այսօր՝ ապրիլի 21-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու Կրթության և գիտության նախարար Լևոն մկրտչյանի միջև բանավեճ տեղի ունեցավ:
Արդյունքում վարչապետը մերժեց ԿԳ նախարարի առաջարկը:
Լևոն Մկրտչյանի ներկայացրած նախագիծը վերաբերում էր տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովելուն, ինչպես նաև ավագ դպրոցների դասագրքերի հրատարակությանը, ռազմագիտության կաբինետների վերականգնմանը, ինչպես նաև առանձնահատուկ կրթության կարիք ունեցող երեխաների կրթության համար անհրաժեշտ նյութերով ու օժանդակ ձեռնարկնեով ապահովմանը:
Այս նախագծում, հաշվի առնելով վարչապետի դիտողությունները, նախարարը երկու օր ժամանակ խնդրեց՝ հեղինակային իրավունքի խնդրին լուծում տալու համար: Ինչին վարչապետը պատասխանեց.
«Մենք պայմանավորվել ենք, որ մեկ անձի համար չպետք է քննարկենք: Մեր լիմիտն ավարտված է, ֆինասների նախարարությունը նախանցած նիստում ներկայացրեց նույն խնդիրը, նորից քննարկման եք ներկայացնում, բերում եք կառավարության նիստին: Նպատակն ի՞նչ է, որ հետո ըստեղ մերժե՞նք»,- ասաց վարչապետը:
Լևոն Մկրտչյանը փորձեց բացատրել. «այստեղ կա հեղինակային իրավունքի խնդիր…»,-սակայն Հովիկ Աբրահամյանը դարձյալ ընդհատեց նախարարին՝ կիսատ թողնելով վերջինիս խոսքը:
«Հնարավորություն չունենք, պարոն Մկրտչյան: Մենք չենք կարող»,- ասաց վարչապետը:
Թեև ԿԳ նախարարն առաջարկեց խնդրին լուծում տալ բանակցային տարբերակով, սակայն վարչապետն ասաց, որ հեղինակային իրավունքի մասով առաջարկը մերժվում է: