Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկման առանցքում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներն էին, ընթացիկ ծրագրերը և իրավական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:
Խորհրդի անդամներին նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մատուցվող ծառայությունների շրջանակը, օրենսդրական նոր կարգավորումները, ընթացիկ միջոցառումներն ու նախաձեռնությունները։
Անդրադարձ է եղել նաև երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի շարունակականության, համայնքահենք և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնման աշխատանքներին՝ որպես յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու, կրթվելու և զարգանալու կարևոր նախապայմաններ։
Նիստի ընթացքում հասարակական խորհրդի անդամները հարցուպատասխանի ձևաչափով բարձրաձայնել են մի շարք հարցեր, ներկայացրել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։