ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհավորել է Բելառուսի հակաթմրանյութային ծառայության 30-ամյակը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը շնորհավորել է Բելառուսի ՆԳՆ թմրամիջոցների վերահսկման և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավարությանը, աշխատակիցներին և վետերաններին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ծառայության ստեղծման 30-ամյակի առթիվ։
Շնորհավորական ուղերձում Սեմերիկովը նշել է, որ տասնամյակներ շարունակ Բելառուսի թմրամիջոցների շրջանառության վերահսկման ստորաբաժանումները հանդես են եկել բազմաթիվ նախաձեռնություններով՝ ուղղված կազմակերպության անդամ պետությունների ջանքերի ակտիվացմանն ու համակարգմանը՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու նպատակով։
Սեմերիկովը նաև ընդգծել է, որ Բելառուսում թմրամիջոցների շրջանառության հետ կապված իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքների արդյունքներն արտացոլվում են անդրազգային թմրախմբավորումների դեմ պայքարում արձանագրված ցուցանիշներում։
«Կարելի է վստահորեն արձանագրել, որ բելառուսական թմրանյութերի վերահսկման ծառայության աշխատակիցները, համագործակցելով Բելառուսի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ, հուսալիորեն պաշտպանում են մեր պետությունները Արևմուտքից արգելված թմրամիջոցների և դրանց անալոգների ներթափանցումից», — նշել է Սեմերիկովը։
Նա հավելել է, որ Բելառուսի և ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների հակաթմրանյութային ծառայությունների հետ փոխգործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և փոխըմբռնման վրա, կարևոր ներդրում է պետությունների անվտանգության սպառնալիքներին համատեղ դիմակայելու գործում։
Սեմերիկովը մաղթել է Բելառուսի ՆԳՆ հակաթմրանյութային ստորաբաժանումների ղեկավարությանն ու աշխատակիցներին հետագա հաջողություններ իրենց պատասխանատու աշխատանքում։