Ո՞վ է «Ուժեղ Հայաստան»-ից ԱԺ հանձնաժողովի նախագահ Լիանա Մանուկյանը և ի՞նչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել իշխանական և ընդդիմադիր պատգամավորների անցած ուղին ու ներկայացնել հանրությանը, թե ովքե՞ր են նրանք, ի՞նչ ճանապարհ են անցել մինչև պաշտոն ստանձնելը և ի՞նչ ունեցվածք ունեն։
Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Լիանա Մանուկյանն է, որը ներկայումս Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։
Ո՞վ է Լիանա Մանուկյանը
Լիանա Մանուկյանը ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 26-ին Վայքում։ 2004 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ մանկավարժ-հոգեբանի մասնագիտությամբ և «իրավաբանական հոգեբան» որակավորմամբ։
Նա ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է մի շարք պաշտոններում աշխատելու որակավորման վկայականներ՝ դրամային փոխանցումներ իրականացնող կազմակերպության ղեկավարի, վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության ղեկավարի, վարկային կազմակերպության վերստուգողի և վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի պաշտոնների համար։
Մանուկյանի աշխատանքային գործունեությունը սկսվել է 1999 թվականից։ 1999-2001 թվականներին և 2007-2013 թվականներին նա աշխատել է Վայոց ձորի մարզի Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի հաշվապահ։ Հետագայում աշխատել է «Նանա-Լուսինե» ՍՊԸ-ում, «Տանդեմ Փեյմինթս» ՍՊԸ-ում, «Իդրամ» ՍՊԸ-ում, «Էքսպորտ Ֆայնենս» ՈւՎԿ ՓԲԸ-ում և «Առաջին ֆակտորինգային ընկերություն» ՈւՎԿ ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով հիմնականում հաշվապահական և ֆինանսական պաշտոններ։
2017-2026 թվականներին եղել է «Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբ» ԲԲԸ-ի ֆինանսական տնօրենը։ 2020-2026 թվականներին զբաղեցրել է «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենի պաշտոնը, 2021-2026 թվականներին՝ «ՏԵՔՍ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրենի, իսկ 2025-2026 թվականներին՝ «Կասկադ Էներգո Սերվիս» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրենի պաշտոնը։
2025 թվականին հիմնադրել է «Հայուհի» կանանց կենտրոն ՀԿ-ն և մինչև 2026 թվականի ապրիլը եղել է նախագահը։ 2020-2023 թվականներին եղել է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի անդամ։
2026 թվականի հունիսի 7-ին Լիանա Մանուկյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։
Անշարժ գույք
Ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, ապա Լիանա Մանուկյանի հայտարարագրում նշված է մեկ անշարժ գույք՝ Հայաստանի Հանրապետությունում, Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով։
Գույքը համատեղ սեփականության կարգավիճակով է և ձեռք է բերվել 2024 թվականի սեպտեմբերի 23-ին։
Տրանսպորտային միջոց Լիանա Մանուկյանը չի հայտարարագրել։
Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 320 հազար 48.57 դրամ, 17 հազար 775 դրամ և 5 միլիոն 516 հազար 350.17 դրամ։ Այսինքն՝ նրա բանկային հաշիվներում առկա միջոցների ընդհանուր չափը կազմել է 5 միլիոն 854 հազար 173.74 դրամ։
Բացի այդ, Լիանա Մանուկյանը հայտարարագրել է 7 միլիոն դրամ կանխիկ գումար։
Եկամուտ
Հաշվետու ժամանակահատվածում Լիանա Մանուկյանի ընդհանուր եկամուտը կազմել է 19 միլիոն 684 հազար 965 դրամ։
Այդ գումարից ՀՀ ֆինանսների նախարարությունից նա ստացել է 308 հազար 706 դրամ այլ եկամուտ, «Կասկադ Էներգո Սերվիս» ընկերությունից՝ 2 միլիոն 130 հազար 900 դրամ, «Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբից»՝ 6 միլիոն 606 հազար 12 դրամ, «Տ-Քնսթրաքշն»-ից՝ 8 միլիոն 106 հազար 326 դրամ, «Հայուհի» կանանց կենտրոնից՝ 310 հազար 957 դրամ, «ՏԵՔՍ»-ից՝ 238 հազար 153 դրամ, իսկ եկամտային հարկի վերադարձի շրջանակում՝ 1 միլիոն 983 հազար 911 դրամ։
Վարկային պարտավորություններ
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Լիանա Մանուկյանի վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է ընդհանուր 36 միլիոն 198 հազար 917.7 դրամ։
Դրանցից մեկ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 407 հազար 161.5 դրամ, իսկ մյուսինը՝ 35 միլիոն 791 հազար 756.2 դրամ։ Վերջին վարկի նպատակային նշանակումը հայտարարագրում նշված է որպես անհատական բնակելի տուն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։