Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ մյուս շաբաթ «Ռուսական երկաթուղիների» նախագահը Հայաստան է գալու։ «Մենք աշխատանքային քննարկում կունենանք, նաեւ որոշ հետեւություններ կանենք այդ քննարկման արդյունքներով: Ես գիտեմ, որ նույն Ախուրիկի ու Երասխի հատվածների վերականգնման հարցում նաեւ ղազախական ընկերություն է հետաքրքրված, կքննարկենք, տարբեր հարցեր կան»,- ասաց նա:
Այս հայտարարությանը հաջորդել էին իշխանական կուլիսներում ակտիվ քննարկումներ եւ կանխատեսումներ, որ հերթական հետողորմյան է սպասվում Փաշինյանի կողմից՝ ՌԴ-ի հետ վերջին ամիսների սրացումների ֆոնին։ Ճոճանակի այս քաղաքականությունը նոր բան չէ․ Նիկոլ Փաշինյանը դա կիրառում է արդեն տեւական ժամանակ՝ այն կոչելով հավասարակշռված եւ հավասարակշռման քաղաքականություն։
Վերադառնալով երկաթուղու թեմային՝ հիշենք, որ դեռ անցած տարեվերջին էր Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին կոչ արել՝ հնարավորինս արագ վերականգնել Հայաստանի տարածքում գտնվող՝ դեպի Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանները տանող երկաթուղային հատվածները։ Ապա հայտարարել էր, որ եթե այդ հատվածների վերականգնման հարցում դժվարություններ առաջանան, Հայաստանը պատրաստ է դրանք հետ վերցնել ռուսական կողմի կոնցեսիոն կառավարումից։ Իսկ արդեն այս տարեսկզբից Փաշինյանն առաջարկում էր Ռուսաստանին՝ հայկական երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արեւմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը:
«TRIPP նախագծի եւ խաղաղության հաստատման համատեքստում մենք ստացել ենք պատմական շանս, որ մենք ինտեգրվենք երկաթուղու վերաբացման միջոցով միջազգային տրանսպորտային ցանցին, բայց հայկական երկաթուղին Ռուսաստանի կոնցեսիայի ներքո լինելու բերումով էլ տեսնում ենք, որ պրոցեսներ են գնում, եւ այս անգամ էլ փաստացի Հայաստանը կշրջանցվի»,- ասաց Փաշինյանը՝ նշելով․ «Հիմա Կարս-Դիլիջու երկաթուղի է շատ ինտենսիվ կառուցվում»: Ռուսաստանը, մինչդեռ, որեւէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքը որեւէ մեկին փոխանցելու համար: Այս տարվա հուլիսին Փաշինյանը չէր բացառել նաեւ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիայի հարցով արբիտրաժ դիմելու հնարավորությունը։
ՌԴ փոխվարչապետը հոկտեմբերի 2-ին հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչեւ Նախիջեւանի սահման եւ Գյումրիից մինչեւ Թուրքիայի սահման վերականգնման առաջարկի վերաբերյալ: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելօզերովն էլ ավելի վաղ նշել էր, որ ընկերությունը մտադիր է ամբողջությամբ կատարել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները։ Միաժամանակ ընդգծել էր, որ կոնցեսիայի պայմանների փոփոխության կամ դրա դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալելու կատարված ներդրումների վերադարձ։
Մի քանի օր առաջ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հայտնեց, թե Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին ինքը դեմ չէ, եւ նշեց՝ հայկական կողմի ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն իր կոնցեսիոն իրավունքը վաճառի որեւէ երրորդ կողմի: Եվ ահա՝ այս իրավիճակում պարզ է դառնում, որ Հայաստան է գալիս «Ռուսական երկաթուղիներ»-ի նախագահը, ոմանց համոզմամբ՝ այդ այցից հետո տեղի կունենա այն, ինչ եղավ «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի՝ անցած շաբաթ Հայաստան կատարած այցից հետո, երբ Փաշինյանն անսպասելիորեն «զադնի դրեց» իր մոտեցումներից ու չնայած մեկուկես տարի պնդում էր, որ Հայաստանին մոդուլային ատոմակայան է պետք, Լիխաչովի խորհրդավոր այցից հետո հայտարարեց, թե մոդուլայինը մեզ չի հերիքելու՝ քննարկելու են սովորական ատոմակայան ունենալու, այն է՝ ռուսական առաջարկը։
Չի բացառվում, որ երկաթուղու հարցում էլ Փաշինյանը հետողորմյա անի, մանավանդ որ Ռուսաստանը ոտքն ամուր պահել է սանկցիաների արգելակին, իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքմենստանում ԱՊՀ միջոցառմանը Պուտինի հետ հանդիպում չի նախատեսվում, նախորդ գործուղմանն էլ միայն Միշուստինի հետ հանդիպում կայացավ՝ առանց էական հետեւանքների։
Ի դեպ, այս հետողորմյան տեղավորվում է նաեւ մեր՝ օրեր առաջ հրապարակած լուրի տրամաբանության մեջ․ ռուսները մի շարք հստակ պահանջներ են դրել Փաշինյանի առաջ՝ սպառնալով, որ չկատարելու դեպքում կարող են նոյեմբերի 1-ից գազի «վինտիլը» փակել։ Իսկ, որքան էլ ոչ ադեկվատ, ՔՊ-ական իշխանությունը լավ է հասկանում, թե դա ինչ կարող է նշանակել Հայաստանի եւ մասնավորապես իրենց իշխանության համար։ Պահանջների մեջ ամենակարեւորը ռուսական կապիտալին ու ռազմաբազային ձեռք չտալն է։