ՈւԵՖԱ-ն անվստահություն է հայտնել ՖԻՖԱ-ի ղեկավարությանը․ դեմ է միայն Ադրբեջանը
ՈւԵՖԱ-ի անդամ 55 ազգային ասոցիացիաներից 54-ը պաշտոնապես հայտարարել են ՖԻՖԱ-ի գործող ղեկավարության նկատմամբ վստահության կորստի մասին և կոչ են արել արմատական բարեփոխումներ իրականացնել կազմակերպությունում: Միակ ասոցիացիան, որը չի միացել այս նախաձեռնությանը, Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան է:
Նման հայտարարություն ՈւԵՖԱ-ն տարածել է Բեռլինում կայացած համաժողովի արդյունքներով.
«Վերջին ամիսներին հիմնարար փոփոխություններ պահանջելուց հետո ՈւԵՖԱ-ն և բոլոր ազգային ասոցիացիաները՝ բացառությամբ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի, համաձայնեցրել են ՖԻՖԱ-ի բարեփոխումների հստակ ուղղությունը:
Ազգային ասոցիացիաները վերահաստատել են, որ կորցրել են վստահությունը ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ: Միայն ինստիտուցիոնալ բարեփոխումները բավարար չեն լինի: ՖԻՖԱ-ին անհրաժեշտ է նաև նոր ղեկավար՝ հարգված և բոլորին միավորող առաջնորդ, որն ունի խորը արմատներ ֆուտբոլում, առաջնորդելու տեսլական ու փորձ, տարբեր տարածաշրջաններում վստահություն ներշնչելու ունակություն և անվերապահ նվիրվածություն զարգացմանը, բարեփոխումներին, ազնվությանն ու անկախությանը:
Բարեփոխումների և ՖԻՖԱ-ի ապագա ղեկավարության շուրջ քննարկումները կշարունակվեն ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների և համաշխարհային ֆուտբոլի նրանց գործընկերների միջև»:
Հայտարարությանը կից փաստաթղթում եվրոպական ֆուտբոլային կառույցը ներկայացրել է նաև կոնկրետ պահանջներ ՖԻՖԱ-ին.
Լիազորությունների հստակ տարանջատում,
ՖԻՖԱ-ի Խորհրդի դերի ուժեղացում,
Կոմիտեների կազմի ու գործունեության օպտիմալացում՝ հստակ նպատակներ և իրական արժեք ունենալու համար,
Ղեկավարի մոտեցման փոփոխություն՝ նախագահ, որը «առաջնորդում է, ոչ թե իշխում»,
Հանդիպումների միջազգային օրացույցի վերաբերյալ միակողմանի որոշումների կայացման դադարեցում,
ՖԻՖԱ-ի ռեսուրսներն անձնական կամ նախընտրական նպատակներով օգտագործելու խիստ արգելք:
Armsport