Օրերս բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը. նախարար
Օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը, բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չի հաջողվել նրան փրկել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Արմեն Մուրադյանը նշեց, որ գնդակը խոցել էր գլխուղեղում, և զինծառայողը մահացել էր ուղեղի զարգացող այտուցից, նա նաև բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավոր է գտնվում, որոնց այրվածքային մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը: Այսօր նախատեսվում է նրանց իրականացնել վերականգնողական վիրահատություն: Նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,-ասաց նախարարը: