Այս ձմռանը Եվրոպայում ուժեղ սառնամանիքի դեպքում կարող է գազի մինչև 15% պակաս զգացվել
Այս ձմռանը Եվրոպան կարող է բախվել գազի դեֆիցիտի, որը կկազմի պահանջարկի 12–15%-ը, եթե տարածաշրջանում ուժեղ սառնամանիք մոլեգնի։ Դրա մասին ասվում է հոկտեմբերի 8-ին հրապարակված Եվրոպական գազափոխադրման համակարգերի օպերատորների ցանցի (ENTSOG) զեկույցում, հաղորդում է Euronews-ը։
Հոկտեմբերի 1-ի դրությամբ եվրոպական գազապահեստարանները լցված էին ընդամենը 72%-ով, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 83%։ Զեկույցում գազի ներարկման ընթացիկ սեզոնը բնութագրվել է որպես բարդ։
ENTSOG-ը դիտարկել է երկու սցենար, որոնք ենթադրում են ռուսական խողովակաշարային գազի մատակարարումների լիակատար բացակայություն։ Միևնույն ժամանակ ԵՄ որոշ երկրներ, դրանց թվում՝ Հունգարիան և Սլովակիան, շարունակում են ռուսական գազ ստանալ։
Ամենալուրջ ռիսկերը կառաջանան այն դեպքում, եթե միաժամանակ խափանվի մայրցամաքային Եվրոպային մատակարարող խոշորագույն ծովային գազային ենթակառուցվածքի աշխատանքը և ամբողջությամբ դադարեցվեն Ալժիրից խողովակաշարերով մատակարարումները։ Սառը ձմռան հետ զուգակցվելով՝ դա կարող է հանգեցնել գազի դեֆիցիտի և սահմանափակել այն Արևմտյան Եվրոպայի երկրներից կենտրոնական և արևելյան շրջաններ տեղափոխելու հնարավորությունները։
Միևնույն ժամանակ Եվրոպան ավելի ու ավելի է կախված դառնում հեղուկացված բնական գազի (LNG) համաշխարհային շուկայից։ ԱՄՆ-ը դարձել է ԵՄ-ի համար LNG-ի խոշորագույն մատակարարը՝ փոխհատուցելով նախկինում Ռուսաստանից ստացվող գազի զգալի մասը։
Նույնիսկ սովորական ձմռան պայմաններում, LNG-ի սահմանափակ մատակարարումների դեպքում, Եվրոպայի պաշարների մակարդակը մինչև 2027 թվականի մարտ կարող է նվազել մինչև 13%։ Դա կարող է էներգատար ձեռնարկություններին ստիպել կրճատելու արտադրությունը։
Լրացուցիչ սպառնալիք է ստեղծում Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը, որով անցնում է LNG-ի համաշխարհային առևտրի զգալի մասը։ Նավագնացության սահմանափակումներն արդեն կրճատել են մատակարարումները Կատարից և ԱՄԷ-ից՝ սրելով Եվրոպայի և Ասիայի միջև հասանելի գազի խմբաքանակների համար մրցակցությունը։
Հարավային և Հարավարևելյան Եվրոպայում պահանջարկի գագաթնակետային ժամանակահատվածներում տեղական դեֆիցիտը կարող է հասնել 12%-ի։ Ընդ որում, առկա ենթակառուցվածքային սահմանափակումները դժվարացնում են գազի տեղափոխումը Եվրոպայի արևմտյան մասից դեպի արևելք։
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին թույլ է տվել ժամանակավորապես առաջնորդվել մինչև նոյեմբերի 1-ը պահեստարանները 75–80%-ով լցնելու ցուցանիշով՝ սովորական 90% թիրախային մակարդակի փոխարեն, ձգտելով խուսափել պահանջարկի և գների կտրուկ աճից։
Հինգշաբթի նիդերլանդական TTF հաբում գազի գինը կազմում էր մոտ 80 եվրո մեկ ՄՎտ·ժ-ի դիմաց, ինչը գրեթե երեք անգամ բարձր է, քան ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի սկսվելուց առաջ։