ՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներից
Հոկտեմբերի 7-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Չորրորդ հակաահաբեկչական համաժողովը, որի շրջանակում անցկացվում են ԱՊՀ-ի ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված համաժողովը, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի միջազգային գիտագործնական համաժողովը, ինչպես նաև համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ։
Ումար Ումարզոդան հանդես է եկել «Ծայրահեղականության գաղափարախոսության տարածման խնդիրը ՀԱՊԿ անդամ պետություններում» զեկույցով։ Նրա խոսքով՝ այդ խնդիրը շարունակում է մնալ տարածաշրջանային և միջազգային անվտանգության առավել սուր սպառնալիքներից մեկը։
Նա նշել է, որ դրան հակազդելու նպատակով ՀԱՊԿ-ը ձևավորել է գործողությունների մեխանիզմ, որը ներառում է օպերատիվ, կանխարգելիչ, իրավական և տեղեկատվական միջոցներ։ Կազմակերպության շրջանակում մշտապես իրականացվում են «Վարձկան», «Ապօրինի ներգաղթյալ» և «Պրոքսի» գործողությունները, որոնք, ՀԱՊԿ-ի գնահատմամբ, բարձր արդյունավետություն են ցուցաբերել։
Ումարզոդայի խոսքով՝ ծայրահեղականության դեմ պայքարը չի սահմանափակվում միայն ուժային միջոցներով և ներառում է նաև համակարգված կանխարգելիչ աշխատանք՝ իրավական ու քաղաքացիական իրազեկում, երիտասարդների հետ աշխատանք, ապակառուցողական քարոզչության նկատմամբ դիմադրողականության ձևավորում, մեդիագրագիտության զարգացում և ավանդական հոգևոր-բարոյական արժեքների խթանում։
Նա ընդգծել է, որ ծայրահեղականության անդրազգային բնույթը պահանջում է համաձայնեցված գործողություններ ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակում, այնպես էլ ավելի լայն միջազգային ձևաչափով։ Մասնավորապես, կարևորվում է համագործակցությունը ՄԱԿ-ի, ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի հետ, ինչը հնարավորություն է տալիս փոխանակել փորձը և ամրապնդել արմատականացման դեմ պայքարի իրավական հիմքերը։