Սիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համար
Սաուդյան Արաբիան և Սիրիան քննարկում են Եմեն 10 հազարից մինչև 20 հազար սիրիացի զինծառայող ուղարկելու հնարավորությունը՝ հութիների դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Կայքի տվյալներով՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան լրջորեն քննարկում է զորքեր ուղարկելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։
Դամասկոսն ու Էր-Ռիադն այս հարցը քննարկել են նաև Վաշինգտոնի հետ։ ԱՄՆ-ը հայտարարել է, որ դեմ չէ Եմենում սիրիական ուժերի հնարավոր տեղակայմանը։ Միաժամանակ, ամերիկյան վարչակազմում կարծում են, որ աշ-Շարաան, ի վերջո, զորքեր կուղարկի այնտեղ, իսկ այդ քայլը կարող է ամրապնդել Սիրիայի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում և Էր-Ռիադում հաշվի են առնում նման որոշման հնարավոր հետևանքները։ Axios-ի փոխանցմամբ՝ սիրիական ուժերի մասնակցությունը կարող է Եմենի հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել և էլ ավելի սրել այն։