Carlsberg-ը կգնի PepsiCo-ի գործարանները Հայաստանում և Վրաստանում. Reuters
Դանիական գարեջրագործական Carlsberg ընկերությունը համաձայնության է եկել Հայաստանում և Վրաստանում PepsiCo-ի ձեռնարկությունները գնելու շուրջ՝ ընդլայնելով գործընկերությունն ամերիկյան կորպորացիայի հետ և ուժեղացնելով ներկայությունը ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում, հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Carlsberg-ը Revery խմբից կգնի Վրաստանում գործող Iberia Refreshments և Հայաստանում JI Pepsi Cola Bottler Armenia ընկերությունները։ Դրանք զբաղվում են երկու երկրում PepsiCo-ի ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, վաճառքով և բաշխմամբ։
Գործարքների արժեքը չի բացահայտվում։ Դրանց ավարտից հետո Carlsberg-ի և PepsiCo-ի խմիչքների շշալցման գործընկերությունը կընդգրկի 17 շուկա։
Carlsberg-ը նախատեսում է միավորել ձեռք բերված ձեռնարկություններն Ադրբեջանում արդեն գործող բիզնեսի հետ՝ ստեղծելով Հարավային Կովկասի միասնական կլաստեր։ Ըստ ընկերության հայտարարության՝ դա հիմք կստեղծի խմիչքների պորտֆելն ընդլայնելու և տարածաշրջանում բիզնեսը զարգացնելու համար։
Jyske Bank-ի վերլուծաբան Հայդեր Անջումը նշել է, որ ներդրողների համար գործարքների նշանակությունը ոչ այնքան Հայաստանի և Վրաստանի շուկաներում է, որքան Carlsberg-ի և PepsiCo-ի միջև համագործակցության ամրապնդման մեջ։
Նրա գնահատմամբ՝ ձեռքբերումները, հավանաբար, մոտ ապագայում էական ազդեցություն չեն ունենա Carlsberg-ի հասույթի կամ շահույթի վրա, սակայն PepsiCo-ի հետ ավելի սերտ հարաբերությունները կարող են հանգեցնել հետագա համագործակցության և նոր շուկաներ մուտք գործելուն։
Հայաստանում բիզնեսի ձեռքբերման գործարքը պահանջում է երկրի կառավարության հավանությունը։