Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում
Ավագ դպրոցի աշակերտների իրականացրած բողոքի գործողությունների մեկնարկից ի վեր Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 6600 մարդու, տուժածների թիվը գերազանցել է հազարը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
«Բերման է ենթարկվել 6629 մարդ։ Տուժել են 761 ոստիկաններ, 215 աշակերտներ և դպրոցների 89 աշխատակիցներ»,- լսումների ժամանակ հայտարարել է պաշտոնյան, որի ելույթը հեռարձակվել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կայքում։
Ավագ դպրոցի աշակերտների բողոքի գործողությունները սկսվել էին սեպտեմբերի վերջին մայրաքաղաքային Իլ-դե-Ֆրանս շրջանում և տարածվել ամբողջ երկրով մեկ։ Մասնակիցները բողոքում են ծանրաբեռնված դասացուցակների, ուսուցիչների պակասի և կրթական համակարգում առկա այլ խնդիրների դեմ։ Որոշ վայրերում բողոքի գործողությունները վերաճել էին անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։