Երեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE):
Քննարկելով փաստաբան Երեմ Սարգսյանի դիմումը և նրա կողմից բարձրացված հարցերի առնչությամբ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եզրակացությունը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել էր փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները (տե՛ս ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը )։
Փաստաբանների պալատի դիմումին ի պատասխան՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) իրավասու մարմիններին ուղղված ուղերձով ընդգծել է փաստաբանի անկախության, մասնագիտական գործունեության ազատ իրականացման, փաստաբանական գաղտնիքի և պաշտպանության իրավունքի արդյունավետ ապահովման հիմնարար նշանակությունը։
CCBE-ն հատուկ ընդգծել է, որ այս սկզբունքը առավել կարևոր նշանակություն ունի քրեական վարույթներում, քանի որ պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումն արդար դատաքննության իրավունքի էական բաղադրիչներից է։
CCBE-ն փաստացի վերահաստատել է այն միջազգային սկզբունքը, ըստ որի՝ փաստաբանը պետք է կարողանա իր մասնագիտական գործունեությունն իրականացնել առանց ճնշման, խոչընդոտման կամ անպատշաճ միջամտության, իսկ նրա մասնագիտական գործունեության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները պետք է պահպանվեն որպես փաստաբանական գաղտնիք։
CCBE-ն իրավասու մարմիններին կոչ է անում ապահովել, որպեսզի այս հիմնարար սկզբունքները գործնականում լիարժեքորեն պահպանվեն, և փաստաբանները կարողանան իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնել անկախ, ազատ և առանց անպատշաճ միջամտության՝ միաժամանակ երաշխավորելով քրեական վարույթի շրջանակում գտնվող անձանց իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը։
Հատկանշական է նաև, որ CCBE-ն իր պատասխանում Հայաստանին կրկին կոչ է արել առաջնահերթ կերպով ստորագրել և վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին կոնվենցիան։
ՀՀ փաստաբանների պալատը կարևորում է CCBE-ի այս արձագանքը՝ որպես փաստաբանի անկախության, փաստաբանական գաղտնիքի և անձանց պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հիմնարար երաշխիքների վերահաստատում։