Ինչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ Փաշինյանին
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեսանկարահանվել է Հայաստան ներխուժած ադրբեջանցի զինծառայողի ձերբակալման գործընթացը։
«Եթե չի նկարահանվել, ապա ինչո՞ւ, իսկ եթե նկարահանվել է, ապա ո՞րն է խնդիրը, որ չի հրապարակվում։ Երբ ազգությամբ հայի ձերբակալությունը հայտնվում է սոցիալական ցանցերում, իսկ, օրինակ, հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալման գործընթացը ամեն կերպ քողարկվում է»,- նկատեց պատգամավորը։
Փաշինյանը պատասխանեց, որ նոր փորձել է ճշտել՝ արդյոք տեսանկարահանում կա, թե ոչ։
«Այդ հայի, թուրքի, ադրբեջանցու հարցադրումները դա ինչի՞ համար է։ Մի հատ պետք է հասկանանք, թե այդ շեշտադրումներն ինչ են բերում։ Դեպքը, որը տեղի է ունեցել, որևէ ընդհանրություն չունի բոլոր այն շահարկումների հետ, որոնք այսօր դաշտում տեսնում ենք։ Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ կասկածի տակ են դնում հաստատված խաղաղությունը։ Չնայած այդ դեպքից առաջ էլ էին կասկածի տակ դնում։ Այդ նույն մարդկանց համար կապ չունի, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել և ինչ պայմաններում, դրանից նրանց ասելիքը չի փոխվում», - ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է տեսանկարահանմանը՝ Փաշինյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել։
«Կճշտեմ, լրացուցիչ կասեմ»,-ասաց նա:
Պատգամավորը հորդորեց՝ եթե նկարահանվել է, ապա թող դա էլ հրապարակեն, ինչպես անում են հայերի դեպքում։
Փաշինյանն էլ արձագանեց, որ գործընկերներին խնդրել է խուսափել նման կադրեր հրապարակելուց, այդ թվում՝ հայերի։