Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով ռմբակոծել է ամբողջ Ուկրաինան. կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս 26-ը՝ վիրավորվել։ Տուժածների թվում հինգ երեխա կա։ Նրա խոսքով՝ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ մնալ։
«Պուտինի ծննդյան օրը ռուսական բանակը Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում բնակելի շենքի ոչնչացումն է նվիրել», — նշել է նա։
Զելենսկին հայտնել է նաև Դնեպրում, Կրեմենչուգում, Զապորոժիեում և Կիևում բնակելի շենքերի վնասման մասին։ Նրա տվյալներով՝ Կիևում երկու մարդ զոհվել է, ևս երկու մարդ զոհվել է Ալեքսանդրիայում։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հարվածի հիմնական թիրախներից մեկը էներգետիկ ենթակառուցվածքն է եղել։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը արձակել է շուրջ 70 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
«Ռուսական բալիստիկ հրթիռները շարունակում են մնալ ամենամեծ խնդիրը։ Իսկ հակաօդային պաշտպանության համակարգերը մեզ այժմ կենսականորեն անհրաժեշտ են», — հավելել է Զելենսկին։