ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվի
Մոսկվայի հետ Երևանի դաշնակցային կարգավիճակի վերանայումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը կորցնի ռուսական գազի գնի հարցում իր արտոնյալ վերաբերմունքը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Մենք Հայաստանի հետ ունենք համապարփակ իրավական շրջանակ, որը ամրագրում է մեր երկկողմ հարաբերությունների արտոնյալ, դաշնակցային կարգավիճակը։ Եթե Հայաստանի իշխանությունները, իրենց արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» շրջանակներում, ցանկանում են վերանայել այս կարգավիճակը, դա նրանց իրավունքն է։ Բայց այդ դեպքում նրանք ստիպված կլինեն հրաժարվել նաև այն արտոնություններից, որոնք Մոսկվան տրամադրում է միայն իր դաշնակիցներին։ Նման արտոնությունների օրինակներից մեկը գազի գինն է», - ասել է Կալուգինը։
Դիվանագետը ընդգծեց, որ ռուսական կողմը դեմ չէ Հայաստանի կողմից այլ երկրներից գազ գնելուն, քանի որ այս տարբերակը ամրագրված է 2013 թվականի ռուս-հայաստանյան գազային համաձայնագրով։
«Այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք ռուսական մատակարարումների այլընտրանքը։ Թույլ տվեք ձեզ մի քանի թվեր բերել։ Հայաստանը երկրի գազի սպառման մինչև 85%-ը ստանում է Ռուսաստանից՝ տարեկան մոտավորապես 2.2-2.7 միլիարդ խորանարդ մետր։ Մատակարարումները անմաքս են՝ հազար խորանարդ մետրի համար 177.5 դոլար ֆիքսված գնով։ Հայաստանը նաև նավթամթերք է ստանում Ռուսաստանից անմաքս», - ասել է վարչության տնօրենը։
Հուլիսի 30-ին ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի համար 177,50 դոլարով, մինչդեռ ներկայիս «եվրոպական» գազի գները գերազանցում են հազար խորանարդ մետրի համար 600 դոլարը։ Նա պնդել էր, որ սա կարելի է բնութագրել միայն որպես սուբսիդիա, քանի որ այս գումարը կազմում է տարեկան մոտ 1 միլիարդ դոլար։
Մայիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեսպանատան միջոցով նամակ է ուղարկել Երևան՝ նշելով, որ եթե Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, Ռուսաստանը միակողմանիորեն կկասեցնի կամ կչեղարկի բնական գազի, նավթամթերքի և հում ադամանդների մատակարարման վերաբերյալ համագործակցության համաձայնագիրը։