Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղ գործընթացի ավարտ. Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ
Ադրբեջանը դեռևս ակնկալում է Հայաստանից քայլեր՝ խաղաղության պաշտոնական ձևակերպման ճանապարհին առկա լուրջ խոչընդոտը վերացնելու ուղղությամբ։ Երկու երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և երկու երկրների միջև դե ֆակտո խաղաղությունը դեռ չեն նշանակում խաղաղ գործընթացի ավարտ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակում բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում։
Ամիրբեկովն ընդգծել է, որ խաղաղության պաշտոնական ձևակերպումն անհրաժեշտ է դրա կայունությունն ու անշրջելիությունն ապահովելու համար։
Բանակցությունների ընթացքում նա զրուցակիցներին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս վիճակի, հեռանկարների և դրական դինամիկայի մասին։ Նշվել է, որ ձևավորված դե ֆակտո խաղաղությունն արդեն շոշափելի գործնական արդյունքներ է տալիս, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության և երկկողմ առևտրի ընդլայնման առումով։ Սա նպաստում է վստահության ամրապնդմանը և խաղաղության մթնոլորտի ձևավորմանը։
Ֆիննական կողմը դրական է գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը և հույս է հայտնել, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը տեսանելի ապագայում կստորագրվի։