Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Վստահ եմ, որ Շաքի գյուղի դեպքը բոլոր նորմալ մարդկանց մտահոգել է, անտարբեր չի թողել ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել կամ ընդհանրապես քվեարկել է, թե՝ ոչ։ Կան հարցեր, որոնք քաղաքական նախասիրությունների հետ կապ չունեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից։
Նա, մասնավորապես, նշել է. «Աշխարհում և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը և անկայունությունն ապացուցում են, որ մեր պետությանը սպառնացող վտանգներին հնարավոր է դիմակայել միայն հանրային համերաշխության ճանապարհով։
Մենք բոլորս հասկանում ենք, որ մեր տարածաշրջանը և Հայաստանը գտնվում են բարդ փուլում, և մենք ստիպված ենք լինելու առաջիկայում բարդ որոշումներ կայացնել։ Երկրի ներսում ստեղծված մթնոլորտը մեծապես ազդելու է որոշումների որակի և դրանց հետևանքների վրա։
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ։ Պետք է լինեն տարբեր կարծիքներ, տարբեր պատկերացումներ։ Ներքին համերաշխությունը միասնական նավի զգացումն է՝ միասնական հեռանկարի, միասնական ապագայի, միասնական ներկայի, միասնական ռիսկերի ընկալումը։ Միասին լուծումներ գտնելու ազգային պոտենցիալն է։ Ե՞րբ մենք դա վերջապես ամբողջությամբ կգիտակցենք, և արդյոք արդեն շատ չե՞նք ուշանում, սա է հարցը»։