«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբ
Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Գոյ» թատրոնի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են թատրոնի վերադարձը, նոր բեմադրությունը և առաջիկա ծրագրերը։
«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ նոր ուժով, նոր թափով և նոր ասելիքով։
Թատրոնի ստեղծագործական կազմի համար կարևոր է պահպանել այն ստեղծագործական ժառանգությունը, որը ստացել են իրենց ուսուցչից՝ Արմեն Մազմանյանից, և շարունակել այդ ավանդույթը։
Թատրոնի վերադարձը տեղի է ունենում Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» պիեսի հիման վրա ստեղծված «Խելագարը» ներկայացմամբ։
Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:30-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
«Խելագարը» ներկայացման ռեժիսորն է Սամսոն Մովսիսյանը։
Ներկայացման մեջ ընդգրկված են դերասաններ՝ Մարինե Պետրոսյան, Սամսոն Ստեփանյան, Աշոտ Տեր-Մաթևոսյան, Սամվել Թոփալյան, Գուրգեն Սարգսյան, Վաչե Երիցյան և Նարինե Պետրոսյան։
Մամուլի ասուլիսին «Գոյ» թատրոնը ներկայացնում էին դերասան և պրոդյուսեր Արսեն Ազիզյանը, դերասաններ Սամվել Թոփալյանը և Աշոտ Տեր-Մաթևոսյանը, ինչպես նաև ներկայացման ստեղծագործական կազմի անդամները։
«Խելագարը» Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» ստեղծագործության հիման վրա է։ Պիեսի հիմքում Ջուզեպպե Պինելլիի պատմությունն է։ Գործողությունները տեղի են ունենում 1970-ականների Իտալիայում։ Ստեղծագործության կենտրոնում ոստիկանության բաժնում տեղի ունեցած դեպքն է, որի արդյունքում անարխիստ Ջուզեպպե Պինելլին մահանում է ոստիկանության շենքի չորրորդ հարկից ընկնելու հետևանքով։
«Գոյ»-ի ստեղծագործական թիմի համար պիեսի թեմաներն առանձնահատուկ նշանակություն են ստացել, քանի որ ներկայացման մեջ բարձրացվող որոշ խնդիրներ արձագանքում են նաև թատրոնի ներկայիս իրականությանը և դրա շուրջ ընթացող իրավական գործընթացին։
Այդ հանգամանքով պայմանավորված՝ ներկայացումը ստեղծագործական թիմի համար դարձել է անձնական և հոգեհարազատ աշխատանք։
«Գոյ»-ի շուրջ իրավական գործընթացը շարունակվում է։ 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը վերակազմակերպվել էր՝ միացվելով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին։
«Գոյ»-ի ստեղծագործական կազմը դեմ էր այդ որոշմանը և այն վիճարկում էր դատարանում։
Արսեն Ազիզյանը նշել է, որ «Գոյ»-ի և Սունդուկյանի անվան թատրոնի միջև անձնական կամ ստեղծագործական հակասություն չկա։ Նա ընդգծել է, որ Մայր թատրոնում աշխատում են իրենց ընկերներն ու տաղանդավոր գործընկերները, և «Գոյ»-ը ցանկանում է, որ Սունդուկյանի անվան թատրոնը շարունակի հաջողությամբ գործել։
«Գոյ»-ի ստեղծագործական կազմը փորձում է իրավական գործընթացը չխառնել իր ստեղծագործական աշխատանքին և կենտրոնանալ թատրոնի հիմնական առաքելության՝ ներկայացումներ ստեղծելու և հանդիսատեսի հետ հանդիպելու վրա։
Թատրոնը նախատեսում է հետագայում նաև նախկինում սիրված ներկայացումները վերադարձնել խաղացանկ։ Այս պահին, սակայն, հիմնական ուշադրությունը կենտրոնացած է «Խելագարի» առաջնախաղի վրա։
«Գոյ»-ը շարունակում է գործել որպես անկախ թատրոն և բախվում է թատերական շուկայի ֆինանսական ու կոմերցիոն դժվարություններին։ Թատրոնի համար կարևոր է պահպանել իր գեղարվեստական դիմագիծը և բարձրարժեք դրամատուրգիան՝ միաժամանակ հաշվի առնելով հանդիսատեսի պահանջներն ու ժամանակակից թատերական շուկայի պայմանները։
Այսօր թատերական դաշտում մեծ է կոմերցիոն և հումորային ներկայացումների առաջարկը, սակայն «Գոյ»-ը չի ցանկանում հրաժարվել իր գեղարվեստական սկզբունքներից։ Թատրոնը փորձում է գտնել գեղարվեստական արժեքի և կոմերցիոն հնարավորությունների միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։
Այս ճանապարհին կարևոր են նաև հովանավորների, գործընկերների և համագործակցությունների աջակցությունը։
Առաջիկա ներկայացումները «Գոյ»-ը նախատեսում է իրականացնել տարբեր բեմահարթակներում։ «Խելագարի» ներկայացումները Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում իրականացվելու են վարձակալության սկզբունքով։
Թատրոնը բաց է նաև նոր առաջարկների և համագործակցությունների համար։
Այս փուլում «Գոյ»-ը չի նախատեսում վերադառնալ իր նախկին տարածք։
Նախկին տարածքը ներկայում գործում է որպես Մայր թատրոնի բաց հարթակ, իսկ «Գոյ»-ի իրավական գործընթացը դեռ շարունակվում է։
«Խելագար»-ի առաջնախաղը «Գոյ» թատրոնի համար նոր փուլ սկսելու կարևոր քայլ է՝ նորից բեմ բարձրանալու, հանդիսատեսի հետ հանդիպելու և թատրոնի ստեղծագործական գործունեությունը շարունակելու նպատակով։