Ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՔՊ-ն. Եկեղեցու դեմ արշավը ներսից թուլացնում է երկիրը
ՔՊ-ն որոշել է «զբաղվել» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարցերով՝ ստեղծելով քննիչ հանձնաժողով։ Թվում է՝ թիրախում Կաթողիկոսն է, բայց իրական թիրախը շատ ավելի մեծ է՝ Հայ Առաքելական Եկեղեցին, հայ մարդու հավատքն ու դարերով ձևավորված ազգային ինքնությունը։
Եվ ամենաանհասկանալի հարցն այստեղ մեկն է՝ ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում ՔՊ-ն։
Ադրբեջանը՝ Ալիևի գլխավորությամբ, Հայաստանից նոր պահանջներ է ներկայացնում, փորձում է թելադրել անգամ մեր Սահմանադրության փոփոխության օրակարգը, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գնալով ավելի հաճախ է գործում այդ պարտադրանքների տրամաբանության մեջ։
Այս իրավիճակում իշխանության կողմից Եկեղեցու դեմ ներքաղաքական արշավը պարզապես հերթական քաղաքական պայքար չէ։ Դա վտանգավոր հարված է այն կառույցին, որը դարեր շարունակ պահպանել է հայ ժողովրդի ինքնությունն ու հավատը։
Երբ Հայաստանի սահմանների, ինքնիշխանության և ազգային ինքնության շուրջ ճնշումը մեծանում է, Եկեղեցու դեմ պատերազմելը ոչ թե պետություն է ամրապնդում, այլ ներսից թուլացնում է Հայաստանը։
Հատկապես այն ժամանակ, երբ տարածաշրջանում ուժեղանում են պանթուրանական նկրտումները, սա արդեն պարզապես Կաթողիկոսի հարց չէ։ Սա հարց է՝ մնալո՞ւ է հայը հավատարիմ իր հավատքին ու ինքնությանը, թե՞ իշխանության քաղաքական օրակարգը պետք է որոշի նաև նրա հոգևոր սահմանները։
Աստծո գործերի մեջ քիթը խոթելը պետություն կառուցել չէ։ Եկեղեցու դեմ պատերազմը ազգային համախմբում չէ։ Հավատքի դեմ արշավը հենց այն ներքին թուլությունն է, որից Հայաստանի թշնամիները կարող են միայն օգտվել։
Ուստի սա այլևս Կաթողիկոսի մասին չէ։ Սա շատ ավելի լուրջ հարց է՝ ՔՊ-ականներն իրո՞ք չեն գիտակցում, թե ում դեմ են իրականում դուրս եկել և ում ջրաղացին են ջուր լցնում։
Արմինե Մկրտումյան