Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներ
Սև ծովում ռուսական անօդաչու թռչող սարքը հարձակվել է յուղ տեղափոխող առևտրային նավի վրա։ Հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս յոթը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
«Ռուսական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով վնասվել է Մարշալյան կղզիների դրոշով նավը, որը բեռնված էր յուղով», — հայտնել է Կիպերը։
Վնասվել է նավի վերնաշենքը, որտեղ հրդեհ է բռնկվել։
Օդեսայի մարզային ռազմական վարչակազմում ընդգծել են, որ քաղաքացիական նավերի և նավահանգստային ենթակառուցվածքների նկատմամբ կանխամտածված հարվածները միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են։
Նման հարձակումները նաև լրացուցիչ ռիսկեր են ստեղծում քաղաքացիական նավագնացության գործունեության համար և կարող են սպառնալիք ներկայացնել համաշխարհային պարենային անվտանգության համար։