«MAZ» բեռնատարը վրաերթի է ենթարկել տղամարդուն և բախվել կայանված մեքենային․ տղամարդը մահացել է
Այսօր` հոկտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն տղամարդու դի է տեղափոխվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նմանատիպ տեղեկություններ ստացվել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում։
Հիվանդանոց մեկնած Շենգավիթի համայնքային ոստիկանները` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։
Այնուհետև համայնքային ոստիկաններն ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածի մարմինը հիվանդանոց են տեղափոխել Արարատյան զանգվածի հասցեներից մեկից, և իրավապահները, մեկնելով նշված հասցե, այնտեղ հայտնաբերել են «MAZ» մակնիշի բեռնատար։
Տեղում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ «MAZ» մակնիշի բեռնատարը կայանված է եղել, երբ ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հիվանդանոց տեղափոխված մահացած տղամարդուն, ապա շարժվել առաջ ու բախվել խոտանված վիճակում կայանված ավտոմեքենային։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։