Հայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին. փորձագետ
Իրանի ավիացիոն հատվածի դեմ ԱՄՆ կիրառած պատժամիջոցների պահպանումը և Հայաստանի օդային տարածքն իրանական ինքնաթիռների համար փակելը Հայաստանին շատ ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին, NEWS.am-ին հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Էհսան Մոհավեդիանը՝ խոսելով նման սցենարի հնարավոր հետևանքների մասին։
«Իրանը Հայաստանի միակ իսկապես հուսալի հարևանն է։ Հաշվի առնելով, որ Հայաստանը ծովային ելք չունի, նրան անհրաժեշտ է ամրապնդել իր տնտեսական և տարանցիկ կապերը Իրանի հետ՝ ապահովելով իր համար մուտք դեպի Պարսից ծոց և Օմանի ծով, որպեսզի երաշխավորի հաջող և ընդլայնվող առևտուրը։
Այս համատեքստում այն, ինչ ես համարում եմ ԱՄՆ ավիացիայի ոլորտում անհիմն և անօրինական պատժամիջոցներ ու պահանջներ, Հայաստանի կողմից պահպանելը Հայաստանին ավելի մեծ վնաս կհասցներ, քան Իրանին։
Իհարկե, Իրանին ևս անհրաժեշտ է Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Կովկաս և Սև ծով։ Ուստի ես կարծում եմ, որ Հայաստանը, ինչպես Թուրքիան և Իրաքը, կարող է միջոց գտնել՝ պահպանելու Թեհրանի և Երևանի միջև ամենօրյա չվերթները՝ առանց պատժամիջոցների վտանգին ենթարկվելու։
Այս նոր խնդիրը լուծելու և մեր վաղեմի բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու համար կպահանջվեն երկու կառավարությունների փոխադարձ նախաձեռնություններն ու բարի կամքը»,- ասել է Մոհավեդիանը։