Ռուսաստանի մի շարք կլինիկաներում թոքային ժանտախտ է տարածվել. ռուսական լրատվամիջոցներ
Իրկուտսկի մի քանի հիվանդանոցներում կարանտինի են անցել՝ հատկապես վտանգավոր վարակով վարակման դեպքի մասին հաղորդումների ֆոնին։
Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը խստացրել են սանիտարական վերահսկողությունը:
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ կարանտին է սահմանվել թիվ 1, 3 և 10 քաղաքային կլինիկական հիվանդանոցներում, ինչպես նաև Իվանո-Մատրենինյան մանկական կլինիկական հիվանդանոցում։ Բուժհաստատություններում սահմանափակվել են հիվանդների այցելությունները։ Կարանտինի պաշտոնական պատճառները չեն հստակեցվում։
Իրավիճակը լայն արձագանք է ստացել Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհի Դարյա Շիպիլովայի մահից հետո։ Մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ մահվան պատճառը թոքային ժանտախտն է եղել։ Նշվում է նաև, որ այս պահին տարբեր կլինիկաներում վարակի կասկածով մեկուսացված է մոտ 200 մարդ: