Վարդենուտի Սուրբ Մերկեռիոս եկեղեցում նշվեց վերաօծման 7-րդ տարեդարձը
Հոկտեմբերի 4-ին Վարդենուտի Սուրբ Մերկեռիոս եկեղեցում առանձնահատուկ հոգևոր ուրախությամբ և հանդիսավորությամբ նշվեց եկեղեցու օծման 7-րդ տարեդարձը։
Տոնական օրվա առիթով, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի համաձայն, առաջին անգամ Վարդենուտի Սուրբ Մերկեռիոս եկեղեցի բերվեց քաջամարտիկ Սուրբ Մերկեռիոս Զորավարի սրբազան մասունքը։
Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Արագածի հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը։
Պատարագի ընթացքում, իր քարոզում, Տեր Հայրն անդրադարձավ Սուրբ Մերկեռիոս Զորավարի կյանքին, հավատքին և քաջարի վարքին՝ ընդգծելով, որ Սուրբ Մերկեռիոսը քրիստոնեական հավատքի հանդեպ անսասան նվիրվածության, Աստծուն հավատարիմ մնալու և ճշմարտության համար հաստատակամ լինելու լուսավոր օրինակ է։
Տեր Հայրն հավատացյալներին պատգամեց Սուրբ Մերկեռիոսի կյանքն ու վարքը դարձնել իրենց կյանքի ուղենիշներից մեկը՝ զորանալ սրբի հավատքի օրինակով, սիրել Աստծուն անկեղծ և ամբողջ սրտով, իսկ Աստվածային սիրով լցված՝ այդ սերը փոխանցել միմյանց, ապրել խաղաղությամբ, հավատքով և քրիստոնեական առաքինություններով։
Թող քաջամարտիկ Սուրբ Մերկեռիոս Զորավարի բարեխոսությամբ Տերը ամրացնի մեր ժողովրդի հավատքը, պահպանի Հայոց Սուրբ Եկեղեցին, զորացնի Վարդենուտի հավատավոր համայնքը և Իր աստվածային սիրով լցնի յուրաքանչյուր քրիստոնյայի սիրտը։
Սուրբ Մերկեռիո՛ս Զորավար, բարեխոսի՛ր մեզ համար։