«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Սիրելի՛ քրիստոնյաներ,
Մենք այսօր օծեցինք նորակառույց եկեղեցու խաչը՝ որպես Քրիստոսի փրկագործ սիրո տեսանելի վկայություն։ Սակայն Խաչը միայն եկեղեցու գմբեթը պսակող նշան չէ․ այն կոչ է՝ մեր կյանքը խաչի խորհուրդով ապրելու, սիրելու այնպես, ինչպես Քրիստոս սիրեց մեզ, և քայլելու նրա մատնանշած ճանապարհով՝ հավատարմությամբ, արդարությամբ և ճշմարտությամբ։ Խաչը ձև չէ, որ պարզապես կրում ենք, խաչը բովանդակություն է, որով ապրում ենք։ Քրիստոսի խաչը մեզ ասում է՝ մի՛ վախեցիր սիրելուց, նույնիսկ երբ սերը տառապանք է պահանջում, մի՛ նահանջիր բարությունից, նույնիսկ երբ չարությունը թվում է զորեղ, մի՛ սակարկիր արդարությունը, նույնիսկ երբ պայքար է ենթադրում, քանի որ Գողգոթան արդեն տվել է վերջնական պատասխանը․ սերը՝ խաչված է, բայց չպարտված, մահվան մատնված, բայց հարությամբ հաղթական, և այսօր մեզ ասում է՝ «Ամեն ինչ ավարտված է», և ավարտված է կյանքի հաղթանակով։
Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ,
Ուստի, երբ այս զանգերը հնչեն Դարբնիկի վրա, թող յուրաքանչյուր ընտանիք լսի մեկ պարզ կանչ՝ «Եկե՛ք Տիրոջ տուն»։ Այստեղ մենք այլևս առանձին մարդիկ չենք, այլ մեկ համայնք՝ մեկ Տիրոջ, ուղղափառ մեկ հավատքի և մեկ աղոթքի շուրջ։ Զանգի ձայնը բոլորին հավասարապես է հասնում՝ մեծին ու փոքրին, ուրախին ու վշտացածին, հեռացածին ու մոտեցողին։ Նրա ղողանջը միասնության ձայնն է։
Զանգի ղողանջը ոչ միայն համախմբում է, այլև արթնացնում է։ Սուրբ Պողոս Առաքյալը վկայում է այն օրվա մասին, երբ «փողը կհնչի», և ննջեցյալները հարություն կառնեն (Ա Կորնթ. ԺԵ 52), իսկ Քրիստոս իր գալստյան մասին խոսելիս մեզ հիշեցնում է այն մեծ օրվա մասին, երբ «մեծ փողով» իր հրեշտակները պիտի ժողովեն Աստծո ընտրյալներին աշխարհի չորս կողմերից (Մատթ. ԻԴ 31)։ Եկեղեցու զանգի յուրաքանչյուր ղողանջ, կարծես, այդ մեծ օրվա հեռավոր արձագանքն է՝ մեզ հիշեցնելու Տիրոջ խոսքը. «Արթո՛ւն կացեք և աղոթեցե՛ք» (Մատթ. ԻԶ 41)։ Արթուն՝ հավատքի մեջ, հանգիստ՝ խղճի առաջ, պատրաստ՝ Տիրոջը հանդիպելու։ Եվ վտանգավոր է ոչ թե զանգի ձայնը չլսելը, այլ լսելն ու չարթնանալը։
Թող ուրեմն այսօրվանից Դարբնիկի երկնքում հնչող յուրաքանչյուր ղողանջ մեզ համար լինի և՛ հրավեր, և՛ հիշեցում․ հավաքվել՝ որպես մեկ համայնք, աղոթել՝ որպես մեկ ընտանիք, և ապրել՝ որպես Քրիստոսի գալստյանը պատրաստ ժողովուրդ․․․