Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
«Շաքի գյուղում հայտնված ադրբեջանցի զինծառայողի կատարած հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելիս առավել իրատեսական պատիժը, որը հասնում է այսքան արարքները կատարած անձին՝ 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմահ ազատազրկումը»,- նշել է իրավաբան է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը։
Նա գրել է.
«Ադերբեջանցի զինվորն ու ՀՀ քրեական օրենքը
2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը, երբ ադրբեջանցի զինծառայողը ներթափանցելով ՀՀ տարածք, կրակել է տեղի բնակչուհու վրա, շատերն են մեկնաբանել, բայց սույն անդրադարձի նպատակն է կատարված արարքին տալ ԲԱՑԱՌԱՊԵՍ իրավական գնահատական՝
1 – ադերբեջանցին ապօրինի անցել է ՀՀ սահմանը, ենթադրաբար իր հետ բերելով նաև հրազեն, այս դրվագով նրա արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածով՝ Պետական սահմանն ապօրինի հատելը (պատժվում է մեղմ պատիժներով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածով՝ Ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով)
2 – նա ապօրինի մուտք է գործել անձանց տուն և այնտեղ գիշերել, այդ արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածով՝ Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը (պատժվում է մեղմ պատիժներով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով)
3 – այլ անձանց տանը գտնվելու ընթացքում նա կերել է այդ անձանց տանն առկա ուտելիքը, օգտագործել տարբեր կենցաղային պարագաներ՝ սպառելով դրանք, այդ արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողություն (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով)
4 – եթե նա երեխաների ուղղությամբ կրակել է, սակայն նրանց մոր միջամտության հետևանքով երեխաներին որևէ վնաս չի պատճառվել, ապա այդ արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 5-րդ կետով նախատեսված հանցագործության փորձ՝ անօգնական վիճակում գտնվողի կամ անչափահասի սպանության փորձ (պատժվում է ազատազրկմամբ՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ)
5 – կնոջը կրակելու հետևանքով առողջությանը պատճառված վնասի ծանրությունից ելնելով արարքը պետք է որակվի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ (պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով), առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածով՝ (պատժվում է մեղմ պատիժներով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով), իսկ առողջությանը թեթև ծանրության վնաս պատճառելու դեպքում, որը բացառում եմ ըստ տարածված կադրերի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածով՝ (պատժվում է մեղմ պատիժներով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով)
6 – հնարավոր են նաև այլ հանցավոր արարքներ, սակայն այսքանը ներկայացնում եմ հիմք ընդունելով տարածված նյութերն ու տեղեկությունը, քանի որ քրեական վարույթին ծանոթ չեմ։
Ելնելով վերոգրյալից ակնհայտ է, որ հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելիս առավել իրատեսական պատիժը, որը հասնում է այսքան արարքները կատարած անձին՝ 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմահ ազատազրկումը։ Կատարված դեպքի փաստական հանգամանքների փոփոխությունը բերելու է նաև արարքների որակման փոփոխության։
Հ․Գ․ Իրավական մեկնաբանություններից դուրս կարելի է տալ հուզական, սոցիալական, քաղաքական և այլ մեկնաբանություններ, բայց արարքի որակումը պետք է իրականացվի բացառապես կատարված արարքի փաստական հանգամանքների վերլուծության հիման վրա»։